«Մենք պարոն Դադասյանի բնակարանը չենք կառուցում»
20.12.2019 | 01:32
Մնջախաղի պետական թատրոնը հասցեն չի փոխում: Պետությունն իրեն պատկանող հուշարձան-շինությունը` գրապալատի շենքը 2017-ին, հատկացրել է մնջախաղի թատրոնին` անհատույց օգտագործման իրավունքով: Մակունցի օրոք բանավոր կերպով չեղարկվել էր հուշարձանը թատրոնին տրամադրելու ամիրյանական որոշումը: ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը վերանայել է որոշումը: Քոչարի 21-ում ներկա դրությամբ անցկացվում են շենքի ամրակայման աշխատանքներ, ներքին պատեր են քանդվել, տանիքն է փոխվելու: Հուշարձանի փոփոխության մասով աշխատանքներ չեն իրականացվում. սպասում են կառավարության որոշմանը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Արսեն Միրզոյանը նշեց, որ թատրոնի ձախ հատվածում, ինչպես իր կոլեգաներից ոմանք են ասում, բնավ էլ նոր հարկ չի կառուցվում. «Ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է մեկուկես մետր բարձրության մեջ հարկ ունենալ: Նախագծով նոր տանիքածածկ է իրականացվելու, գոյություն ունեցող երրորդ հարկի ընդամենը միջի բարձրությունը ավելի բարձր է լինելու, որովհետև այնտեղ տեղակայվելու են թե բեմը, թե հանդիսատեսի համար նախատեսված 130 նստատեղը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ պետական գերատեսչությունները ծանոթացել են փաստաթղթերին ու տվել են դրական եզրակացություն. «Շահարկվում է այն հարցը, որ Ժիրայր Դադասյանը նախկին իշխանության ներկայացույցիչ է։ Զարմանում եմ այդ մարդկանց գիտակցության վրա: Մենք պարոն Դադասյանի բնակարանը չենք կառուցում, երկու տարի հետո թատրոնը կարող է այլ ղեկավար ունենալ: Մենք կառուցում ենք միջավայր և պետական կառույց»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նկատեց, որ գրապալատի շենքը գտնվում է Իսահակյան-Տերյան-Քոչարի-Կորյունի փողոցներով պարփակված տարածքում, այն հատվածը, որ խնդրո առարկա է` Քոչարի 21-ը, նշված չէ իբրև հուշարձանային մաս, ու չնայած դրան, նախագիծը դրվել է գիտամեթոդական հանձնաժողովի նիստի:
«Իմ ցանկությունն է, որ 36 տարի պետական կարգավիճակ ունեցող միակ թատրոնը, որ չունի շենք, ունենա շենք»,- ասաց մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Պատասխանեց նաև թատրոնի դեմ հնչած այն մեղադրանքին, որ չունեն հանդիսատես. «Մեր թատրոնը կամերային է և նորմատիվը 100 հանդիսատեսն է, բայց խաղում ենք շուրջ 400-տեղանոց դահլիճում: Մեր դահլիճները լեփլեցուն են, բայց տպավորություն է, որ 10-20 հոգի են: Խաղում ենք հինգշաբթի` ոչ թատրոնայյին օր, երբ բոլոր թատրոնները խաղում են հանգստյան օրերին` ուրբաթ, շաբաթ, կիրակի: Մնջախաղի թատրոնը միակ պետական թատրոնն է, որ կազմակերպում է միջազգային փառատոն, զբաղվում ենք նաև ներառական գործունեությամբ: Մեզ պայմաններ են պետք, միայն թատրոնի մասին ենք խոսում, բայց խնդիր ունենք այս արվեստը, այս ժանրը զարգացնելու: Պարոն Խզմալյանը նշեց զարգացման ծրագրի մասին. մնջախաղի թատրոնը բազա պետք է դառնա բոլոր թատրոնների համար»: Նշենք նաև, որ 2020-ին մնջախաղի թատրոնը մասնակցելու է հինգ միջազգային փառատոնի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ